ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցող օլիգարխները, ուզում էին փողերը երկրից դուրս հանել, սակայն նրանց չի հաջողվի անել դա: Այս մասին այսօր կառավարական ժամի ընացքում, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ավելացրեց, որ 2018 թվականի երկրորդ եռամսյակում բանկային համակարգի ակտիվները մոտ 100 մլն դոլարով աճեցին:
«Բանկային համակարգից նաև գումարի արտահոսք է եղել: Որոշ անձինք, այդ թվում ձեր խմբակցության հետ կապ ունեցող անձինք, որոշել են Հայաստանից դուրս հանել փողերը: Սակայն վստահեցնում եմ ձեզ, այդ գումարները կգտնեն և կվերադարձնեն», — ասաց Փաշինյանը՝ դիմելով Աճեմյանին:
Նա ավելացրեց, որ ժամանակը կգա, և հանրությունը կիմանա բոլոր մանրամասները բանկային այդ հաշիվների մասին, այդ թվում՝ Ալեքսանդր Սարգսյանի (ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր):
«Նրա հաշիվներից մեկի վրա 30 մլն դոլար է: Մյուսների վրա էլի կա: Սակայն այդ կապիտալը Հայաստանից ոչ մի տեղ չի գնա, քանի որ այն կալանքի տակ է», — ասաց վարչապետը:
Նախօրեին, ելույթ ունենալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին, Փաշինյանը կոչ արեց նախկին նախագահի եղբորը հայտարարել, որ մեկ շաբաթվա ընթացքում նա կհանի այդ 30 մլն-ը և կվերադարձնի այն պետբյուջե:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Սարգսյանին ոստիկանություն էին բերման ենթարկել, այնուհետև ազատ արձակել: Նրա տանը խուզարկություն էր իրականացվել: