Գաղտնալսման դեպքով Գլխավոր դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել

ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ հարուցված նոր քրեական գործի վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը:

Սկանդալային ձայնագրության արձագանքը. Փաշինյանն ասաց, թե ինչու Վանեցյանը պետք է զանգեր իրեն

Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, որն արդեն ընդունվել է վարույթ, ստեղծվել է քննչական խումբ և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ:

Գաղտնալսումների հարցը հասավ ԵԽԽՎ. Հայաստանի հարցը կքննարկվի Մոնիթորինգային հանձնաժողովում

Նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: