Ոստիկանությունը ստուգել է օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին

Ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենամոտ մարդկանցից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին։ Այս տեղեկատվությունը Sputnik Արմենիային հաստատեց Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը։

Ըստ նրա` խոսքը թիկնապահների մասնավոր ընկերության աշխատակիցների մասին է, որոնք ապահովում են Սուքիասյանի անվտանգությունը, նրանք լիովին օրինական գործունեություն են իրականացնում։

Սկսվե՜ց. ոստիկանները զինաթափեցին Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. տեսանյութ

Հինգ թիկնապահը բերման են ենթարկվել ոստիկանություն, ստուգվել են նրանց փաստաթղթերը, հետո նրանց ազատ են արձակել։

Նշենք, որ Սուքիասյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008թ.–ի մարտի դեպքերի ժամանակ կանգնած էին բարիկադների նույն կողմում։ Նրանք միասին աջակցել են Լևոն Տեր–Պետրոսյանին։ Իսկ մարտի դեպքերից հետո թաքնվել, մեկ տարի անց հանձնվել են իշխանություններին։

Բացի այդ, գործարարը հարցազրույցներից մեկում սատարել է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը»։

Մենք հետաքրքրվեցինք Մկրտչյանից, ինչպես է Սուքիասյանը գնահատում իրավապահների գործողություններն իր թիկնապահների նկատմամբ։ Մամուլի քարտուղարի խոսքով` գործարարը «շատ հանգիստ» է վերաբերվել այդ ստուգումներին։