Գաղտնալսումների հարցը հասավ ԵԽԽՎ. Հայաստանի հարցը կքննարկվի Մոնիթորինգային հանձնաժողովում

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության բովանդակությունը քննարկվել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Երեկ` սեպտեմբերի 11-ին, ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները։ Facebbok-ի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Պատգամավորի հրապարակման համաձայն` նիստում մասնավորապես քննարկվել են Հայաստանում «խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները»։

Հովհաննիսյանը հայտնում է նաև, որ քննարկման ժամանակ ինքը ներկայացրել է փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։

Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում է կայացրել Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ։

Հիշեցնենք, երեկ համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Ավելի ուշ պաշտոնյաները հանդիպեցին լրագրողների հետ ու տվեցին այդ խոսակցության շուրջ իրենց պարզաբանումները։