Անհանգստանալու պատճառ չկա. Տոնոյանը խոսեց Տավուշում հնչող կրակոցների մասին

Նախարարը նշեց, որ կրակոցները պարբերական բնույթ են կրում, հայկական կողմի պատասխան գործողությունները կայունացնում են իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Անհանգստանալու պատճառ չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով Տավուշի Բաղանիս գյուղի ուղղությամբ հնչող ադրբեջանական կրակոցները։

«Իրավիճակը կայուն է։ Հրադադարի ռեժիմի նման խախտումներ պարբերաբար լինում են։ Մեր ԶՈւ-ն արձագանքում է, և իրավիճակը կայունանում է», —ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` կրակոցները ակտիվանում են, երբ գյուղատնտեսական կամ ինժեներական աշխատանքներ են իրականացվում։ Երբեմն պարզապես սովորական կրակոցներ են։ Նախարարը կրակոցները «Շանթ-2018» զորավարժությունների հետ չի կապում։

Հիշեցնենք` արդեն շուրջ մեկ շաբաթ է ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է նաև Տավուշի մարզի Բաղանիս գյուղը։