Դավթյան. Հայկական ԶՈւ–ն հակադարձում է հակառակորդին

Հայկական կողմին ոչ մի վնաս չի հասցվել, կրակոցները հոգեբանական ազդեցություն են ունենում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ–ն ճնշում է գործադրում այն կետերի վրա, որտեղից ՀՀ Տավուշի մարզի վրա կրակոցներ են արձակվում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Վերջին 10 օրերի ընթացքում կրակոցներն ադրբեջանական կողմից ավելի հաճախակի են դարձել։ Դրանք վնաս չեն տվել, ավելի շատ հոգեբանական ազդեցություն ունեն», –ասաց Դավթյանը։

Անհանգստանալու պատճառ չկա. Տոնոյանը խոսեց Տավուշում հնչող կրակոցների մասին

Նա նշեց, որ կրակոցներ են արձակվել Բաղանիս, Կոթի, Ոսկեպար և այլ գյուղերի ուղղությամբ։

Միաժամանակ հայկական ԶՈւ–ն նույն սկզբունքով չի գործում ու հակառակորդի բնակավայրերի ուղղությամբ կրակ չի բացում։ Մերոնք ճնշում են գործադրում հակառակորդի այն կրակակետերի վրա, որտեղից Հայաստանի ուղղությամբ կրակ է արձակվում։

Դավթյանը նշեց նաև, որ նախորդ տարվա համեմատ ակտիվացել է Նախիջևանի հատվածը։ Սակայն այնտեղ էլ իրավիճակը հսկողության տակ է։ Գլխավոր շտաբում առաջիկայում լարվածության մեծացում չեն սպասում։

Արտակ Դավթյանը Տավուշում տիրող իրավիճակը չի կապում զորավարժությունների հետ, քանի որ հայկական կողմից սահմանին ոչ մի փոփոխություն չի եղել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2–ից սկսած ամեն օր ադրբեջանական կողմը Տավուշի սահմանային գյուղերի վրա կրակ է բացում` խախտելով հրադադարի ռեժիմը։