Աղբահանությունը «Սանիթեքի» ձեռքից կվերցնե՞ն

Առաջիկայում Երևան կբերվեն Volvo մակնիշի 5 աղբահավաք ավտոմեքենա, ինչը հույս է ներշնչում, որ մինչ քաղաքապետի ընտրությունը խնդիրը որոշակիորեն կկարգավորվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Ճիշտ կլինի` Երևանում աղբահանության 2-րդ օպերատոր ներգրավվի: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը նշեց, որ ինքը մի քանի անգամ հանդիպել է «Սանիթեքի» տնօրենի հետ։ Առաջիկայում Երևան կբերվեն Volvo մակնիշի 5 աղբահավաք ավտոմեքենա:

«Սա ժամանակավոր միջոց է: Իսկ երբ կընտրեն Երևանի նոր իշխանությանը, այդ ժամանակ էլ նրանք որոշում կկայացնեն: Գուցե նրանք աղբահանությունն այլ ընկերության փոխանցեն: Հավանական է` քաղաքում մի քանի օպերատոր հայտնվի: Որոշումը կկայացնի քաղաքային իշխանությունը», — ասաց նա:

Նշենք, որ այս ամռանը աղբահանության խնդիրը սրվել էր նույնիսկ քաղաքի կենտրոնում:

Երևանի նոր քաղաքային խորհուրդը՝ ավագանին, կընտրվի սեպտեմբերի 23-ին: Դրանից հետո հայտնի կդառնա, թե ով է լինելու Երևանի նոր քաղաքապետը, որին կընտրի ավագանին։