ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսման մեջ արտաքին հետք չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ երեկվա գործողության արդյունքներն իրեն զեկուցվել են, ու ամեն ինչ նորմալ է։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։
Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։
Հիշեցնենք, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։
Վանեցյանը պատմում է հատուկ քննչական ծառայության ղեկավարին դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ է տրվել է ամեն գնով նստեցնել Քոչարյանին։ Այնուհետև անցնում են Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։