ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը պատրաստ է Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցել արցախյան խնդրի շուրջ: Այսօր խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով ծանոթացել էր Իլհամ Ալիևի հետ:
«Ես ընդունեցի առաջարկը, մենք ծանոթացանք: Ճիշտ է` մեր միջև բովանդակալից զրույց չի եղել, բայց մենք պատրաստ ենք բանակցությունների: Ե՛վ ես, և՛ ԱԳՆ-ն», — հայտարարեց նա:
Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ թեև Հայաստանը պատրաստ է բանակցություններին, բայց չի կարող բանակցություններ վարել Արցախի անունից: «Արցախն իր նախագահն ունի և իր կառավարությունը, որին ընտրել է բնակչությունը», — ավելացրեց նա:
Նա ընդգծեց, որ հակամարտությունը չի կարելի լուծել կողմերից մեկի բացակայության պայմաններում:
«Երբ ադրբեջանական կողմը կհամաձայնի սրա հետ, այդ ժամանակ մենք իրական առաջընթաց կարձանագրենք բանակցություններում», — ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի` հակամարտությունը բոլոր կողմերի մասնակցությամբ լուծելը արտացոլում է նաև ԵԱՀԿ ՄԽ միջնորդների դիրքորոշումը: