ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Ինձ համար զարմանալին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Yerevan.Today-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքին հնչեցրած մտքին, ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ քոչարյանը։
«Մենք Եվրոխորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով:
Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայաստանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը, ես մեծ կասկածներ ունեմ: Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի համար: Վարչապետն իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար, որի իրավունքը սահմանադրությամբ ընդհանրապես չունի, մոտ գալու իրավունք չունի: Ինքը դրանով ոչ միայն կոպիտ ձևով խախտում է Սահմանադրությունը, խախտվում են մի շարք օրենքներ: Այ սա է սահմանադրական կարգի տապալումը»,–նշել է Քոչարյանը:
ՀՀ 2–րդ նախագահը նշել է, որ հասկանում է Փաշինյանի ոգևորվածությունը, բայց պետական գործիչը պետք է առաջին հերթին այնպիսին լինի, որ իր լեզուն մտքից առաջ չվազի, քանի որ դրա հետևանքները պետության համար կարող են ողբերգական լինել, և արդեն ժողովրդավարության հարցը լսվելու է Եվրոխորհրդի արտյաններում, մոնիտորինգային խմբում: