ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. «Ամեն ինչ ուղղակի զավեշտալի է»,– Yerevan.Today-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցին, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այդ հեռախոսազրույցի բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, շատ կոնկրետ հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա։ Եվ ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել:
Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից: Յուրաքանչյուր պետությունում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական պետություններում, նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է տային հրաժարական, ներողություն խնդրեին հասարակությունից իրենց արարքի, հանցանքի համար, ներողություն խնդրեին նաև ինձնից՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահից: Բայց մեր մոտ մենք ունենք լրիվ այլ պատկեր. իրենք անցան հարձակման և այդ հարձակման ընթացքում սկսեցին օգտագործել Մարտի 1-ի քրեական գործը»,–ասել է Քոչարյանը:
Անդրադառնալով` ձև չունես, պիտի տաս կալանքը արտահայտությանը, ՀՀ 2–րդ նախագահը նշել է, որ նման կարգի պաշտոնյաները գողական տերմինաբանությամբ են խոսում, դա արդեն որոշ չափով բնութագրում է նրանց էությունը:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։
Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։
Հիշեցնենք, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։