ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդումը, անդրադարձել կառույցում հայկական պատվիրակության գործունեությանը:
Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կարևորությանը ՀՀ անվտանգության ապահովման գործում` Էդուարդ Շարմազանովը նշել է. «ՀԱՊԿ-ն ունի առանցքային նշանակություն մեր երկրի անվտանգության ապահովման գործում և այդ առումով ՀԱՊԿ-ին անդամակցելն այլընտրանք չունի»:
Հանդիպմանը ներկա էր ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: