Նախարարն Ադրբեջանում պահվող հայ գերու մասին լավ լուրերի է սպասում

Ադրբեջանում գերի պահվող ՀՀ քաղաքացու հետ կապը ՊՆ–ն պահում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի խնդրին։

«Մենք մշտական կապի մեջ ենք Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որովհետև դա է որևէ տեղեկություն ստանալու միակ միջոցը։ Բայց հաշվի առնելով, որ նա քաղաքացիական անձ է` զինված ուժերի, ՊՆ-ի ներգրավվածությունն այդ հարցում սահմանափակ է։ Հուսով եմ` առաջիկայում ինչ-որ լավ նորություններ մենք կստանանք»,- ասաց նա։

Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խմբին, որի անդամներից մեկը գերի է վերցվել։

Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից նշված անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, որն ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։