Բանակը 2008 թվականին կրակելու հրաման չի ստացել. գլխավոր շտաբի պետ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը վստահեցնում է` արցախյան առաջնագիծը 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի պատճառով չի նոսրացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. 2008 թվականի մարտին բանակը մարդկանց կրակելու հրաման չի ստացել, այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ մեկնաբանելով ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտարարությունը:

Ավելի վաղ Խաչատրյանը հայտնել էր, որ մարտի 1-ի գործին կցվել է «հույժ գաղտնի» թիվ 0038 հրամանը, որը տրվել է 2008 թվականի փետրվարին: Հրամանն ի կատար ածելու համար մոբիլ ուժային խմբեր են ստեղծվել: Նրա խոսքով` զինվորականները գումար են ստացել Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ի ցույցերի մասնակիցների դեմ գործողություններ իրականացնելու համար:

Խաչատրյանի խոսքով՝ զինվորականների անուններով մատյան կա, որտեղ նրանց ստորագրությունները դրված են ստացված գումարի դիմաց: Բացի այդ, Արցախում մնացած զինվորները մի քանի շաբաթ հերթապահություն են իրականացրել առանց հերթափոխի, ինչը թուլացրել է բանակի մարտունակությունը և հանգեցրել նրան, որ հակառակորդը դիվերսիա է իրականացրել։

«Կարող եմ ասել, որ առաջնագիծը չի նոսրացել։ Աշխատանքը սովորականի պես էր: Ես` որպես օպերատիվ վարչության պետ, պատասխանատու էի մարտական հերթապահության կազմակերպման համար: Եկեք այդ իրադարձությունները առաջնագծում տիրող իրավիճակի հետ չկապենք», — ասաց Դավթյանը:

Նա հաստատեց, որ Երևանում տեղի ունեցած դեպքերից հետո` արդեն մարտի 5-ին, Ադրբեջանի կողմից դիվերսիա եղել է, բայց հակառակորդի վրա թանկ է նստել: Հակառակորդը կորուստ է ունեցել (10-12 մարդ), հայկական կողմից երկու զինծառայող մարմնական վնասվածքներ են ստացել:

Նրա կարծիքով՝ դիվերսիայի այդ փորձը պետք չէ կապել մարտյան իրադարձությունների հետ, քանի որ, օրինակ, 2014-15 թվականներին եղել է այդպիսի ավելի քան 80 փորձ:

Դավթյանը հերքեց նաև այն պնդումները, թե բանակը իբր կրակել է Երևանի բնակելի շենքերի վրա:

«Եթե անգամ կրակել են, ապա առանձին մարդիկ: Չի կարելի ամբողջությամբ բանակի մասին խոսել: Նման հրաման չի եղել»,- շեշտեց Դավթյանը:

Նա հայտնեց, որ այդ իրադարձությունների վերաբերյալ իրեն հասանելի ամբողջ տեղեկությունը փոխանցել է քննչական մարմին:

Նշենք, որ այն 2008 թվականի մարտի 1-2-ը, նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվել էին ճանաչել ԿԸՀ-ի տվյալներն ու դուրս էին եկել Երևանի փողոցներ։ Ցուցարարների դեմ զենք էր կիրառվել, մահացել էին 10 մարդ։