ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. VivaCell-MTS-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Վանեցյանը հայտնել էր, որ Viva-Cell-MTS-ի ծառայություններից է օգտվում:
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ պարտադիր չէ` գաղտնալսվեր հենց Վանեցյանի հեռախոսը, քանի որ կարող էր գաղտնալսվել նաև զրուցակցի՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսը:
«Եթե նա այդ պահին Շվեյցարիայում է եղել, ապա այնտեղ էլ կարող էին լսել, թեև քիչ հավանական է», — ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։
Հիշեցնենք նաև, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։
Վանեցյանը պատմում է հատուկ քննչական ծառայության ղեկավարին դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ է տրվել է ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։ Այնուհետև անցնում են Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մեկնաբանել է տեղեկատվության արտահոսքը՝ հայտարարելով, որ այն քաղաքական սաբոտաժ է և սպառնում է երկրի ազգային անվտանգությանը: