Կարեն Կարապետյանի նախաձեռնությունն անավարտ է մնացել. «Փաստ»

Քաղաքի բնակիչները հուսով են, որ չվերանորոգված փողոցները գոնե կընդգրկվեն միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. «Փաստ» օրաթերթը հիշեցնում է, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, իսկ առաջին ներդրողը ՀՀ վարչապետն էր: Իրենց ընտանիքի անունից 500 հազար դոլար ներդրման մասին էր հայտարարվել:

«Բոլորը կհիշեն, թե ծրագրի շրջանակում ինչպիսի շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Մեր տեղեկություններով, սակայն, այդքանով ամեն ինչ ավարտվել է»,- գրում է թերթը:

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ծրագրի շրջանակներում հերթական՝ Գորկու փողոցի վերանորոգումը սկսվել է, բայց ավարտին չի հասել: Ավելին՝ այստեղ մայիսյան իրադարձություններից հետո որևէ շինաշխատանք չի կատարվում, գյումրեցիներն ասում են՝ արդեն մոտ երկու ամիս է՝ շինարար չեն տեսնում:

Գյումրիում հուսով են, որ չվերանորոգված փողոցները գոնե կընդգրկվեն միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող այն ծրագրերում, որոնց շնորհիվ կառուցվում են հարակից փողոցները: