Ձորից դուրս են բերել վարորդի դին. ՃՏՊ Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին

Գեղարքունիքում ավտոմեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է, ուղևորին հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 11-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ում, Volkswagen Golf» մակնիշի (վարորդ՝ Կ. Ժ., 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել՝ մոտ 20 մետր, ինչից Կ. Ժ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Ա. Մ.-ն, (1974 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վարդենիսի բժշկական կենտրոն:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան: