Սասուն Խաչատրյանը Մարտի 1–ի գործով նոր բացահայտում արեց

Մարտի 1–ին, Խաչատրյանի խոսքով, բանակը ոչ թե միայն բերվել է մարտական վիճակի, այլև կրակել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր կայացած ասուլիսում Մարտի 1–ի գործով նոր բացահայտումներ արեց։ Նա հիշեցրեց, որ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ հայտնաբերվեց 0038 գաղտնի հրամանը, որը ստորագրված է փետրվարի 23-ով։ «Այսինքն` մեկ օր առաջ Ռոբերտ Քոչարյանն ու Միքայել Հարությունյանը տեղյակ էին, որ պետք է ընտրություններում հաղթի Սերժ Սարգսյանը»,– ասաց Սասուն Խաչատրյանը։

Վանեցյանն ու Խաչատրյանը հրաժարական չեն տա. նրանք ասացին, թե ինչու

Բացի այդ, նրա խոսքով, արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ թե միայն բերվել է մարտական վիճակի, այլև կրակել է։ «Կրակել են Լեո փողոցի բնակելի շենքերի պատուհանների ուղղությամբ, երբ այդ պատուհաններից ինչ-որ բան է նետվել»,– ասաց նա։

Գաղտնի հրամանից հետ, երբ որոշվել է զինվորներին հավաքել Երևանում, սահմանին կանգնած զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, հայտնեց Սասուն Խաչատրյանը` նշելով, որ մինչ օրս չէր ցանկանում հայտնել այս մասին։ Նրա խոսքով` դրա հետևանքով սահմանի վրա դիվերսիա է տեղի ունեցել։ «Բանակի զինվորներին բաժանել են գումարներ, որ նրանք պաշտպանեն իրենց ունեցվածքը, իրենց ընտանիքի անդամներին, իրենց։ Խոսքը 150 միլիոն դրամի մասին է»,– ասաց Խաչատրյանը և ցույց տվեց մի մատյան, որտեղ, նրա խոսքով, գրված է, թե որ զինվորը որքան գումար է ստացել և ումից։ «Մեր երկրի ղեկավարները բանակի զինվորներին դարձրել են վարձկաններ ու հանել ժողովրդի դեմ»,– ասաց Խաչատրյանը` հրաժարվելով անուններ հայտնել։ «Նշեմ, որ փախնե՞ն»,– արձագանքելով լրագրողների հարցին` ասաց Խաչատրյանը։

ՀՔԾ պետը հայտարարեց նաև, որ ներքին գործերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ «Դա արվել է նրա համար, որ հիմնավորվի Քոչարյանի այն խոսքերը, որ մենք իրավապահների մեջ արդեն ունենք զոհեր»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ այս հանգամանքը հաստատվել է քրեական գործով։

Քրեական գործով հիմնավորվել է նաև այն, որ տարբեր անձանց թիկնազորերի անդամներին բաժանվել են զրահաբաճկոններ, որպեսզի նրանք զինվորականներից չտարբերվեն։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։