Դատավորի պաշտոնը նոր թեկնածու ունի. ո՞վ է այս անգամ փորձելու դառնալ ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունն ԱԺ-ում կանցկացվի փակ գաղտնի ընթացակարգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի առավոտյան երկրորդ անգամ կփորձի Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր ընտրել: Դատավորի թափուր պաշտոնում ՀՀ վճռաբեկ դատարանն առաջադրել է Վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանի թեկնածությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը:

Նրա խոսքով` Դատարանների ժողովի անդամ ՀՀ 221 դատավորներից քվեարկությանը մասնակցել են 121-ը, 115-ը կողմ են քվեարկել Դիլանյանի թեկնածությանը, 5-ը՝ դեմ, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Այդ քվեարկության արդյունքներով էլ Արման Դիլանյանի թեկնածությունն առաջարկվել է ԱԺ-ին:

«Ես համոզված եմ, որ ցանկացած իրավական խնդիր իր լուծումն ունի Սահմանադրության մեջ»,- խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Դիլանյանը` հավելելով, որ երկար տարիներ աշխատել է ՍԴ աշխատակազմում, «անցել բոլոր աստիճաններով»` հասնելով վարչության պետի պաշտոնին, ուստի, իր բնորոշմամբ, քաջ ծանոթ է ՍԴ աշխատանքներին:

Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունն ԱԺ-ում կանցկացվի փակ գաղտնի ընթացակարգով:

Հիշեցնենք` ՍԴ դատավորի պաշտոնը թափուր էր մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում: Թափուր պաշտոնի համար 2018թ-ի հունիսի 13-ին ներկայացվել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: ԱԺ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Դանիելյանը չէր ընտրվել ներկայացված պաշտոնում: