Հայաստանը կհամագործակցի ՌԴ–ի հետ Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում

Երևանը կօգտվի Մոսկվայի օգնությունից Սիրիայի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի Սիրիայում տիրող իրավիճակը ոչ միայն այն առումով, որ հարցը վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, այլև այն առումով, որ մենք ընդգծված անհանգստություն ունենք մեր հայրենակիցների անվտանգության հարցում, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակն է օգնել Հալեպի հայ համայնքին և ընդհանուր առմամբ Սիրիային։ Նրա խոսքով` տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ականազերծմանն ու բժշկական օգնություն տրամադրելուն։

«Հայաստանը Սիրիայից մեծ թվով փախստականների է ընդունել, իսկ հայրենակիցներին սատարելու համար, Դամասկոսում դեսպանատնից բացի, գործում է հյուպատոսություն Հալեպում: Հայաստանը նաև բազմաթիվ անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա։ Անցյալում էլ է ՌԴ-ն Հայաստանին օգնել հումանիտար օգնությունը տեղ հասցնելու հարցում: Եվ այստեղ միասին կաշխատենք, որ կարողանանք հումանիտար ենթատեքստում տեղում օգնություն ցույց տալ», — ասաց նախարարը` պատասխանելով գալիք մարդասիրական առաքելության մասին հարցին։

2012 թվականի օգոստոսից 2018 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Հայաստան է եկել 23 հազար սիրիահայ, որոնցից 20 հազարը հիմնվել են այստեղ։ Սիրիայում հակամարտությունից առաջ Հալեպում մոտ 60 հազար սիրիահայ էր ապրում։ Սիրիայի հայկական համայնքն աշխարհի ամենահզորներից էր համարվում։ Այնտեղ մոտ 110 հազար մարդ կար։ Սիրիական ճգնաժամը սկսվելուց հետո տարբեր գնահատականներով ավելի քան 90 հազար հայ լքել են երկիրը։