Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումը շանտաժ է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է աղմկահարույց ձայնագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը։

Հայաստանի ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում

«Ես ինձ մոտ եմ հրավիրել Վանեցյանին և նրան հանձնարարել եմ հանդես գալ ասուլիսով ու պատասխանել լրագրողների հարցերին։ Այդ պարզաբանումներին մենք դեռ կանդրադառնանք, ինչը ինչպես պետք է մեկնաբանել, ինչը ինչպես է հնչում։ Բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել` ի՞նչ է տեղի ունենում։ Ըստ էության, իմ նախնական գնահատմամբ, տեղի է ունեցել Հատուկ քննչական ծառայության և ԱԱԾ տնօրենի գաղտնալսում։ Ո՞վ է արել այդ գաղտնալսումը, արդյոք նա օրենքով իրավունք ունեցե՞լ է դրա իրավունքը, ո՞րն է դրա քաղաքական նպատակը։ Ես դեռ հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ մարտի 1-ը բացահայտված է և տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պիտի կանգնեն դատարանի առաջ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանում իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է կոռուպցիոն համակարգի կողմից։

«Մինչև օրս դատավորները զանգում, խաբար են ուղարկում` թե էս հարցը ոնց որոշենք։ Դրա համար ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին հրամաններ տալ։ Բայց դա չի նշանակում, որ մեզ չեն զանգել և չեն ասել` վա՜յ, վախենում եմ, այս գործը ո՞նց անեմ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով` այս ամենի պատճառն այն է, որ նախկին պաշտոնյաները ուզում են ճողոպրել և ինչ–որ քայլերի են դիմում։

«Նրանց անունները հստակ են` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, Մանել Գրիգորյան։ Տարբեր ու մեծ չինովնիկներ։ Նրանք զգում են, որ վերջը եկել է, փորձում են ինչ-որ քայլերի դիմել։ Մենք շանտաժի չենք տրվելու։ Մարտի 1-ի գործը պիտի բացահայտվի, թալանվածը պիտի վերականգնվի»,- ընդգծեց վարչապետը։

Նա նշեց նաև, որ դեռ նոր քրեական գործեր են հարուցվելու։

«Դուք ձեր թալանածը չեք մարսելու։ Կուզեք` գաղտնալսեք, կուզեք գաղտնալսաձայնագրեք, տարբերակ չկա։ Հույս ունեմ, որ ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։