Երևանի կենտրոնում «Ֆրանկոֆոնիայի ավան» կհայտնվի

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովի մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանի կյանքում կարևոր իրադարձություն կդառնա։ Այս մասին այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կփայլի իր ֆրանսերենով. անկեղծանում է Աննա Հակոբյանը

«Նպատակ ունենք հնարավորինս պրակտիկ արդյունքներ ունենալ ինչպես գագաթնաժողովին, այնպես էլ 2018-2020 թվականների մեր նախագահության ընթացքում: Վստահ եմ, որ գագաթնաժողովը մեծ և ուրախ իրադարձություն է լինելու Հայաստանի համար: Փորձում ենք որքան հնարավոր է ցույց տալ մեզ ու մեր մշակույթը, արժեքները», — ասաց Մնացականյանը։

Բանն այն է, որ 2018 թվականին Հայաստանը երկու տարով ստանձնել է Ֆրանկոֆոնիայի երկրների կազմակերպության նախագահությունը։ Երևանի Ազատության հրապարակում «Ֆրանկոֆոնիայի ավան» կբացվի (գագաթնաժողովի մասնակից 40 երկրների տաղավարներ են բացվելու)։

Նա ընդգծեց, որ տնտեսական հարաբերությունների ու նորարարությունների թեմայով ֆորում է կազմակերպվելու ԹՈՒՄՈ ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնում։ Մշակութային ու համերգային ծրագիր է նախատեսվում` Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների աստղերի մասնակցությամբ։

Մնացականյանն ընդգծեց նաև, որ Հայաստանի պես փոքր երկրի համար կարևոր է հնարավորինս շատ լեզուներ իմանալ։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին։ Ակնկալվում է, որ Հայաստանը կհյուրընկալի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին և այլ բարձրաստիճան անձանց։ Ընդհանուր առմամբ Հայաստան է ժամանելու մինչև 150 պատվիրակություն` 84 մասնակից, ասոցացված անդամ ու դիտորդ երկրներից։

ՀՀ ԱԳՆ-ն գագաթնաժողովի անցկացման համար 120 մլն դրամ կստանա (մոտ 250 հազար դոլար)։ Այդ գումարով կլուծվելի հյուրերի կացության հարցը (այդ թվում` լրագրողների մեծ խմբի), ինչպես նաև տոնական միջոցառումներ կանցկացվեն։