«Եթե միջնադարում ասում էին` պետությունը ես եմ, ապա նորօրյա իշխանությունն ավելի հեռուն գնաց և ասում է` պետությունն իմն է։ Ակնհայտ է, երբ պետությունը նեղն է ընկնում, աջ ու ձախ սպառնում է` օգնություն խնդրելով ԱԱԾ-ից»,- ասաց Շարմազանովը։
Նա հիշեցրեց, որ բազմաթիվ առիթներով հայտնել է իր մտահոգությունը «զանգովի արդարադատության, քաղաքական պատվերների ու հնարավոր վենդետայի» վերաբերյալ։
Շարմազանովի խոսքով` այս տիրույթում է նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված խոսակցության բովանդակությունը։
«Բա Փաշինյանն ասում էր` ինքը չի միջամտում դատական համակարգին, ուժային կառույցները չեն միջամտում դատարանների աշխատանքին։ Սակայն մենք տեսնում ենք, որ ըստ այդ ձայնագրության դատավորը զանգում է ԱԱԾ պետին, ԱԱԾ պետն էլ ասում է ` դուխով։ Հետո շարունակում է` ուզես-չուզես պիտի կալանք տաս»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ ԱԱԾ պետը ՀՀ Սահմանադրությամբ ու որևէ օրենքով նման իրավասություն չունի։
ՀՔԾ պետն էլ, Շարմազանովի դիտարկմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կալանավորելու հարցը քննարկում է ԱԱԾ պետի հետ` հարցնելով` «չփակե՞նք»։ ԱԱԾ պետն էլ խորհուրդ է տալիս հարցը քննարկել վարչապետի հետ։
«Գործադրի ղեկավարն ի՞նչ իրավունք ունի կոնկրետ հանձնարարական տալ` ում փակել, ում չփակել։Եթե այդպես է, բերեք Նիկոլ Փաշինյանին դարձնենք միապետ, ո՛չ արդարադատություն է պետք, ո՛չ դատարան է պետք, ո՛չ ԱԱԾ է պետք, ո՛չ ՀՔԾ, ինքը որոշի, ինքը դատի»,- ասաց Շարմազանովը։
Ելույթն ավարտելով` ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ մարտի 1-ի բոլոր մեղավորները պետք է պատասխան տան։ Բայց պետք է պատասխան տան նաև բոլոր օրինախախտները։
Հիշեցնենք` այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։