ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին. օրը հայտնի է

ԵԱՀԿ դիտորներն այս անգամ կլինեն Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։