Վիճաբանության ժամանակ դանակահարել է 2 քաղաքացու. հարուցվել է քրեական գործ

Վնասվածք ստացած քաղաքացիները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Տիչինա փողոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

2018թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 23.20-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ քաղաքացի:

Հրապարակվել է Նոր Նորքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի և դանակահարության տեսանյութը

Նույն օրը, ժամը 23:50-ին հաղորդում է ստացվել գլխի վնասվածքով բուժօգնության տեղափոխված քաղաքացու, իսկ 00:10-ին՝ «որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր» ախտորոշմամբ քաղաքացու վերաբերյալ:

Պարզվել է, որ քաղաքացիները վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Տիչինա փողոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ըստ բժշկի կողմից տրված տեղեկանքների՝ վերջիններս ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու, իսկ քաղաքացիներից մեկի ստացած մարմնական վնասվածքը թափանցող է՝ ստոծանու, ստամոքսի և փայծաղի վնասվածքներով:

Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրը ստացվել է քննչական բաժին:

Չորս անձի դանակահարության գործով կա ձերբակալված. հարուցվել է քրեական գործ

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ վնասվածքներ ստացած երեք քաղաքացիներին տուժող ճանաչելու վերաբերյալ:

Հիշյալ հանցագործությունը կատարելու համար ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին են ինքնակամ ներկայացել առերևույթ հանցագործություն կատարած քաղաքացիները: Նրանցից մեկը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը:

Նույն օրը վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:

Քաղաքացիներից մեկը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով՝ փախուստը կանխելու համար: Վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել և տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Առերևույթ հանցագործություն կատարած մյուս քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ծնողի հսկողությանը հանձնելը, վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել և տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: