Վանեցյանն ու Խաչատրյանը հրաժարական չեն տա. նրանք ասացին, թե ինչու

Աղմկահարույց ձայնագրությունը չի ստիպի, որ պաշտոնյաները հրաժարականի դիմում գրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հրապարակված զրույցը հրաժարականի պատճառ չի դառնա։

Հայաստանի ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում

«Դրա նպատակը այն է, որ մեզ թուլացնեն, այն գործը, որ սկսել ենք, թողնեն կիսատ»,- ասաց նա։

Վանեցյանը նշեց, որ հրաժարական կտա միայն այն դեպքում, երբ դա կպահանջի ժողովուրդը կամ իր ղեկավարությունը։

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ևս հայտարարեց, որ հրաժարական կներկայացնի միայն հանրային պահանջի դեպքում։

«Երբ հանրությունը պահանջի, դուք էլ կզգաք, մենք էլ»,- ասաց Խաչատրյանը` նշելով, որ այս ամենի նպատակն իրենց կանգնեցնելն է։

Խաչատրյանը շեշտեց, որ տեղի ունեցածում տեսնում է նախկին իշխանությունների առնչությունը։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։