Վրաստանի վարչապետը գրավիչ առաջարկ է արել Հայաստանին. Փաշինյան

Վրացական կողմն առաջարկել է խորացնել համագործակցությունը տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում ու ստեղծել համատեղ քարտեզ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը վրացական կողմից հավակնոտ առաջարկ է ստացել ապրանքաշրջանառությունը մինչև 1 միլիարդ դրամի հասցնելու մասին։ Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում վրացի գործընկեր Մամուկա Բախտաձեի հետ համատեղ ճեպազրույցում։

«Այսօր մենք կարևոր խոսակցություն ենք ունեցել։ Քննարկել ենք կարևոր և հավակնոտ հարցեր։ Հարաբերությունները փայլուն են, լավ, սակայն մեր առջև դրված է տնտեսական բաղադրիչը մեր քաղաքական կապերի մակարդակին հասցնելու խնդիրը», — ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` երկկողմ այցերը կշարունակվեն։ Կողմերը քննարկել են տրանսպորտի, տնտեսական և քաղաքական համագործակցության հարցեր։

«Վրաստանի վարչապետը շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը․ կոնկրետ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիներին փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի մակարդակի»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Երևանը և Թբիլիսին կոնկրետ ճանապարհային քարտեզ կմշակեն և համաձայնեցված քայլերով կիրագործեն այն։

«Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը և այդ հանձնաժողովի առաջ կդրվի կոնկրետ խնդիր՝ ձևավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առեւտրատնտեսական, քաղաքական, հումանիտար, կրթական հարաբերությունները զարգացնելու», — ասաց վարչապետը։

Նա նաև նշեց, որ ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի բարեկամական և ջերմ է դառնում։