ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է զինվորների պատվո վճարներից ԴԱՀԿ բռնագանձումներ չկատարել։ Այս նախագիծը, որ առաջին ընթերցմամբ հաստատվել է ԱԺ նախորդ՝ հինգերորդ գումարման նստաշրջանում, այսօր երկրորդ ընթերցմամբ պատգամավորներին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին վճարվող դրամական ապահովության գումարների վրա կատարողական թերթով բռնագանձումներ չեն կարող կիրառվել»- ասաց նա:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ իր ելույթում նշեց, որ զինծառայողներին տրվող գումարներն առանց այդ էլ ցածր են, և օրենքի նախագիծն անհրաժեշտ է ընդունել՝ զինծառայողների սոցիալական պաշպանության նպատակով։
Դրա համար պաշտպանության նախարարությունն առաջարկում է համապատասխան փոփոխություն կատարել դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում։
Օրենքի փոփոխության մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանում քվեարկության կդրվի վաղը` սեպտեմբերի 11-ին։