Պարզվել է` ով է Երևանում ինքնահրկիզված տղամարդը. նոր մանրամասներ

Բժիշկները շարունակում են պայքարել ինքնահրկիզման դիմած տղամարդու կյանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքից, որտեղ այս պահին գտնվում է տուժած տղամարդը։

Փաշինյանն այցելել է ինքնահրկիզման դիմած քաղաքացուն

Բժիշկների խոսքով` նա առայժմ միացված է արհեստական շնչառության ապարատին։ Այդուհանդերձ նա կարողացել է բժիշկներին հայտնել, որ գյումրեցի է։

49 տարեկան Ա. Պ.-ն ունի մարմնի շուրջ 57 տոկոսի և շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ` 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի, և խորը վերքեր:

Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 9-ին, ցերեկը, կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ էր արել:

Անցորդները կարողացել էին հանգցնել կրակը, բայց քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել ու տեղափոխվել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն։

Մինչև հիմա էլ հայտնի չէ` ինչն է տղամարդուն դրդել այդ քայլին։

Երեկ երեկոյան նրան էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այցելությունից հետո նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել և ցավ հայտնել կատարվածի վերաբերյալ։