Փաշինյանը Պուտինին Երևան է հրավիրել

ՀՀ վարչապետը Հայաստան է հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պաշտոնական այցով Երևան գալու հրավերը։ Այս մասին ՀՀ վարչապետը հայտնել է «Կոմերսանտին»։

«Վլադիմիր Պուտինին հրավիրել եմ Երևան, և մենք պայմանավորվել ենք, որ այցը մոտ ապագայում կլինի։ Եթե ոչ մինչև այս տարվա վերջ, ապա հաջորդ տարվա սկզբին», — հայտնել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով` Պուտինի այցի ժամանակ նախատեսվում է մի քանի պայմանագիր ստորագրել։ Փաշինյանը նշել է, որ կողմերն արդեն իսկ աշխատում են գազի, ատոմային էներգետիկայի և ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրերի ուղղությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են 2018 թվականի սեպտեմբերի 8-ին։ Հայաստանի իշխանափոխությունից հետո սա նրանց երրորդ հանդիպումն էր։