ԵՐԵՎԱՆ 10 սեպտեմբերի — Sputnik. «Շանթ 2018» լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժությունները Հայաստանում կանցկացվեն սեպտեմբերի 11-13-ը, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Վաղը կսկսվեն հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կընդգրկեն Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը։ Դրանցում կներառվեն պետական շատ կառույցներ», — ասաց Հովհաննիսյանը։
Զորավարժություններն ուղղված են ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության մակարդակի ստուգմանը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի վտանգին, այլև թե որքան են պատրաստ բնածին և տեխնածին աղետներին։
Կստեղծվի Հայկական տեղեկատվական կենտրոն, որի խնդիրն է հաղորդել զորավարժությունների մանրամասների ու տարրերի մասին։ Սակայն, ելնելով անվտանգության նկատառումներից, ոչ բոլոր տեղեկատվությունն է հրապարակման ենթակա, հավելեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։
«Օրինակ` ուսումնական հրաձգությունների ժամանակ զորքերի զանգվածային ներգրավում չի լինի», — ասաց Հովհաննիսյանը։
Միաժամանակ նա չնշեց եռօրյա զորավարժությունների մասնակիցների կոնկրետ թիվը։