Հայաստանում արդյունավետ ազատ տնտեսական գոտիներ չկան. խոստումները տվել են ու չեն կատարել

Կառավարությունը մտածում է, թե ինչ միջոցներով կարող է ակտիվացնել ազատ տնտեսական գոտիների գործունեությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Կառավարությունն առաջարկում է գրեթե ամբողջությամբ փոխել Ազատ տնտեսական գոտիների մասին ՀՀ օրենքը։ Այսօր ԱԺ-ում, փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի. միլիոնների ներդրում և աշխատատեղեր են խոստանում

Փոփոխությունների անհրաժեշտությունը, ըստ նախարարի, առաջացել է ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունների ու գործող օրենքում առկա բացերը լրացնելու և ազատ տնտեսական գոտիների գործունեության համար արդյունավետ նոր համակարգ ձևավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Առաջարկվող օրենքը, նախարարի խոսքով, ավելի բարենպաստ պայմաններ է նախատեսում ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնող սուբյեկտների համար։

«Ուզում եմ նաև հիշեցնել, որ տարածաշրջանային ազատ տնտեսական գոտի կարող են ունենալ ՌԴ-ն` մինչև 3, Բելառուսը` մինչև 2, և մնացածը` մեկական։ Այս պահի դրությամբ այդպիսի հեռանկարով մենք հայտարարել ենք 1 ազատ տնտեսական գոտու մասին»,- ասաց Մինասյանը։

Այս պահի դրությամբ Հայաստանում 4 ազատ տնտեսական գոտի է գործում, հայտնեց նախարարն ու մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց դրանց մասին։

«Առաջինը 2013թ-ի օգոստոսի 1-ից գործող «Ալյանս» տնտեսական գոտին է, որտեղ 13 շահագործող կա։ Շահագործողների կողմից ներկայացված ներդրումային ծրագրերով նախատեսվել էր 163.7 մլն դոլարի ներդրում և ստեղծել 1540 աշխատատեղ։ Փաստացի իրականացվել է 2.7 մլրդ դրամի ներդրում և ստեղծվել է 314 աշխատատեղ»,- ասաց նախարարը` հույս հայտնելով, որ խոստումներ դեռ կիրականացվեն։

2015թ-ին բացված «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, Մինասյանի տվյալներով, ունի 6 շահագործող` 56.3 մլն դոլարի հայտարարված ներդրումներով ու 355 աշխատատեղով։ Այս պահի դրությամբ իրականացվել է 250 մլն դրամի ներդրում, ստեղծվել` 181 աշխատատեղ։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին, որը հայտարարվել էր որպես տարածաշրջանային, այս պահի դրությամբ կազմակերպական աշխատանքների փուլում է։ Այս պահին թույլտվություն է ստացել 1 շահագործող։

Մեկ շահագործողի էլ թույլտվություն է տրվել շահագործելու «Էկոս» տնտեսական գոտին, որի նպատակն է բարձր տեխնոլոգիական ուղղվածությամբ ներդրողների ներգրավումը։

Առկա վիճակը և ներդրումների վիճակագրությունը ներկայացնելուց հետո Մինասյանը եզրակացրեց` այնպես չէ, որ մենք ունենք արդյունավետ ազատ տնտեսական գոտիներ»։ Նա նշեց, որ կառավարությունը մտածում է, թե ինչ միջոցներով կարող է ակտիվացնել դրանք գործունեությունը։

Օրենքի նախագծի ընդունումն առաջին ընթերցմամբ նախատեսված է ԱԺ վաղվա նիստում։