ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկվել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հարցը։ Այս մասին Տավուշում լրագրողներին հայտնել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինայնն ու Պուտինը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակն ու կարևորել են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը։
«Ես իմ հերթին ասացի, որ հակամարտության գոտում ցանկացած սադրանք կտրուկ պատասխանի կարժանանա», — նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Անդրադառնալով միջազգային օրակարգի այլ հարցերին Փաշինյանը ևս մեկ անգամ հայտնել է, որ Սիրիայում Հայաստանի կոնտինգենտը բացառապես հումանիտար է լինելու։ Փաշինյանն ավելացրել է, որ Հայաստանի առաքելությունն ուղղված է Սիրիայի հայ համայնքին օգնելուն։
Նա ընդգծել է, որ կոնտինգենտը հայկական դրոշով է տեղակայվելու։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հայաստանը պատրաստվում է Սիրիա ուղարկել սակրավորների, կապի մասնագետների ու բժիշկների։