ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, ՌԴ-ում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում»,- շեշտեց նա։
Փաշինյանը նշեց, որ արդեն պաշտոնապես կարող է հայտարարել` Հայաստանի Հանրապետությունը Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակը Հալեպի և ընդհանրապես Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։
«Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն այս համատեղ որոշումը կայացրել են, և ՀՀ ՊՆ հումանիտար առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո։ Այս առաքելությունը մենք իրականացնելու ենք Ռուսաստանի հետ համատեղ, քանի որ սա մարդասիրական առաքելություն է, հուսով եմ`միջազգային հանրության նորանոր ներկայացուցիչներ կներգրավվեն այս գործընթացին»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանն առանձնահատուկ հետաքրքրություն ունի այս հարցում` հաշվի առնելով հայ համայնքի առկայությունը։
«Եվ մենք կարևոր ենք համարում հումանիտար օգնություն ցուցաբերելը։ Մոտավորապես նույնպիսի առաքելություններ իրականացնում ենք նաև այլ երկրներում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց` տվյալ դեպքում Հայաստանն իրականացնելու է բժշկական և հումանիտար ականազերծման առաքելություն։
Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ռազմական մասնագետները կմեկնեն Սիրիա՝ առաքելություն իրականացնելու։