Գյուղը կա, երեխա չկա. Հայաստանի ո՞ր համայնքները ևս 4 տարի առաջին դասարանցի չեն ունենա

Արտագաղթի մեծ թվերը հատկապես ազդեցիկ են գյուղական համայնքներում: Պատկերը մարզկենտրոններից հեռու գտնվող համայնքներում ավելի քան մտահոգիչ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյուղերում գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում հնարավոր է տղամարդկանց տեսնել, բայց դրանից հետո աշխատունակ տղամարդկանց մեծ մասը դառնում է աշխատանքային միգրանտ ու հեռանում Հայաստանից: Գյուղերից շատերում ամբողջ վարուցանքը կանայք են կատարում: Գյուղում ծնված աղջիկները գերադասում են քաղաք հարս գնալ, իսկ երիտասարդները մեկնում են արտերկիր, հիմնականում ՌԴ։

Նոր Հայաստանում դպրոցը երեխային պետք է թռիչքի պատրաստի. Փաշինյան

Խնդիրը նոր չէ: 2011-2012 թվականների ծնելիության ցածր մակարդակի պատճառով այսօր արդեն շատ դպրոցներ խնդրի առաջ են կանգնել:

Չնայած Շիրակի մարզի հիմնականում քաղաքային համայնքների հաշվին այս տարի աշակերտների թվի աճ է գրանցվել, սակայն կան համայնքներ, որոնք առաջին դասարանցիներ չեն ունեցել: Խոսքը Կրաշեն, Ջրաձոր, Զարիշատ և Շաղիկ համայնքներին է վերաբերում:

«Խնդիրը վերաբերում է ոչ միայն այս տարի, այլ նաև առաջիկա 1-2, նույնիսկ 4 տարիներին աշակերտ չունենալուն: Ամեն դեպքում, նույնիսկ այս պարագայում առաջիկայում դպրոց միացնելու մասին խոսք չկա, մինչև հասկանանք` ինչպիսի ծրագիր պետք է իրականացնեք այս համայնքներում»,- Sputnik Արմենիային ասաց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը` տեղեկացնելով, որ մարզում ընդհանուր առմամբ մինչև 5 առաջին դասարանցի ունի 32 դպրոց, բոլորն էլ` առավելապես գյուղական համայնքներում:

Грайр Карапетян

Այս դպրոցներում դասապրոցեսը սովորաբար իրականացվում է երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ, նույնիսկ քառակոմպլեկտ դասարաններով, այսինքն` մեկ դասարանում կարող են հայտնվել ինչպես 2-րդ, 3-րդ ու 4-րդ, այլ նաև 7-րդ դասարանի աշակերտը:

Այդուհանդերձ, նշենք, որ Շիրակի մարզի դպրոցներն այս տարի նախատեսել էին ընդունել 3100 առաջին դասարանցու, բայց առաջին անգամ դպրոց են գնացել 3132 երեխա։ Կարապետյանը նշեց, որ նրանց թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 100-ով։ Այս ցուցանիշը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանից վերադարձողների որոշակի աճ կա։ Հուսանք, որ հենց հաջորդ տարի առաջին դասարանցի չունեցող դպրոցներում մեծ թվով երեխաների համար կհնչի առաջին զանգը։