ՌԴ–ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը մինչև վերջ բացահայտված չէ. Փաշինյան

Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա տնտեսության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում, ինչպես նաև ԵԱՏՄ–ի և ՀԱՊԿ–ի ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանը և Հայաստանը պետք է զարգացնեն ռազմատեխնիկական համագործակցությունը։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը մինչև վերջ բացահայտված չէ:

«Կարծում եմ` գլխավոր խնդիրը մեր հարաբերություններում առկա ներուժը բացահայտելն է։ Այո, իհարկե, մենք փայլուն հարաբերություններ ունենք: Բայց ես կարծում եմ, որ պետք չէ այդքանով բավարարվել», — ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ մեծ ներուժ կա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմատեխնիկական համագործակցության առումներով:

Բացի այդ, հայ վարչապետը նշեց նաև մարդասիրական կապերի ամրապնդման հեռանկարները:

Փաշինյանը հավաստիացրեց, որ Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը երկկողմանի և բազմակողմանի ձևաչափերով, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի: