Ինչո՞ւ է գազը Հայաստանում այդքան թանկ. Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվեցին պարզել խնդիրը

Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներն ուզում են հասկանալ, թե ինչպես է ձևավորվում գազի գինը Հայաստանի շարքային սպառողների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են համատեղ աշխատել գազի և ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Sputnik Արմենիայի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ Հայաստանի վարչապետն այս մասին ասել է լրագրողներին։

Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանից գազն առաքվում է բավականին ցածր գներով, բայց սպառողը ստանում է կրկնակի գնով: Հետևաբար պետք է հասկանալ գնագոյացման հարցը։

««Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերությունից գազը գնում է «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերությունը, բայց մինչև այն հասնում է սպառողին, գինն աճում է երկու անգամ: Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու է այդպես տեղի ունենում և գործընթացն ինչպես ավելի արդյունավետ դարձնել: Նախագահ Պուտինի հետ պայմանավորվեցինք համատեղ աշխատել այդ ուղղությամբ», — ասաց Փաշինյանը:

2016թ-ի ապրիլի սկզբին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են միջկառավարական համաձայնագիր, որի համաձայն` Ռուսաստանը նվազեցրել է Հայաստան առաքվող գազի գինը (սահմանին) 1000 խորանարդ մետրի համար 165 դոլարից մինչև 150 դոլար: Նախատեսվել է, որ 2018թ-ին Հայաստանի համար գազի գները կբարձրանան: Սակայն Երևանում բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել չբարձրացնել գազի գինը Հայաստանի համար և թողնել այն 1000 խմ համար 150 դոլարի մակարդակում: