ՌԱԴԻՈ

Գալստյան. «Փաշինյանը պահանջում է առաջնորդվել փոխադարձ հարգանքի սկզբունքով»

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում առանձնացրել է Փաշինյան–Պուտին հանդիպման հիմնական թեզերը։
Sputnik
Նարեկ Գալստյան

«Հայաստանի վարչապետը շեշտադրել է իր` նախկինում արած հայտարարությունն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքով»,- ասել է քաղաքագետը։

Մասնագետը կարևոր է համարում նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է երկկողմ հարաբերությունների խորացման մասին և ընդգծել այդ նպատակին հասնելու ՀԱՊԿ և ԵԱՏՄ հարթակները։

Գալստյանը նշել է, որ Ռուսաստանը որոշակի անհանգստություններ է ունեցել իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության առնչությամբ։ Նրա կարծիքով` «Մարտի 1»-ի գործով ձերբակալությունների և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին չարտահանձնելու մասին պաշտոնական շրջանակներից վերջերս հնչած անհանգստություններին է ուղղված եղել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ։

«Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կառուցվածքային փոփոխություններ չեն լինելու, բայց ակնկալում է բովանդակային ճշգրտումներ, մասնավորապես` շահերի փոխադարձ հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի պահպանում»,- վարչապետի խոսքերն է մեջբերել քաղաքագետը։

Գալստյանը հայ-ռուսական հարաբերություններում արագ փոփոխություն չի ակնկալում և կարծում է, որ եթե Հայաստանը լուրջ ազդեցություն ունենա ռուսական արտաքին քաղաքականության մեջ, ապա Մոսկվան ինքը կցանկանա, որ այդ պահանջներն իրականություն դառնան։