Հայաստանն ունի բոլոր լծակները թույլ չտալու, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀԱՊԿ–ի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Կարծում եմ` Հայաստանն ունի բոլոր լծակները թույլ չտալու, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ։ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առնվազն Լեռնային Ղարաբաղի հարցի համապարփակ և ամբողջական և տևական, կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ, Հայաստանի որևէ քաղաքացի, կառավարություն որևէ այլ կարծիք չի էլ կարող հայտնել»,- ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ` ասում էր, որ ՀԱՊԿ-ի առումով պետք է մեր դաշնակիցների հետ շատ հստակ պարզաբանենք փոխադարձ պարտավորությունները, որ մեզնից յուրաքանչյուրն իմանա, թե ՀԱՊԿ-ի շրջանակներում ինչ պարտավորություններ ունի։

Ի՞նչ կանի Հայաստանը, եթե դիտարկվի Ադրբեջանի` ՀԱՊԿ–ին և ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցը

«Շատերը այդ հայտարարությունները մեկնաբանում էին որպես հակաՀԱՊԿ-ական, բայց ես ձեզ ասեմ, որ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս հարցը կա նաև նրանց մոտ»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հենց առաջին շփումների ժամանակ իր մտահոգությունները փոխանցել է Բելառուսի նախագահին և ընդհանրապես, ՀԱՊԿ-ի բոլոր երկրների ղեկավարներին, ովքեր Ադրբեջանի հետ զենքի, զինամթերքի առևտուր են անում։

«Այս խնդիրը շարունակելու է լինել մեր քննարկումների օրակարգում»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի` քննարկումների նպատակը ոչ թե վնասելն է ՀԱՊԿ-ին, այլ ընդհակառակը, ուժեղացնելը այդ կազմակերպությունը, որովհետև Հայաստանը շահագրգիռ է, որ ՀԱՊԿ-ը բառիս բուն իմաստով լինի Հավաքական անվտանգության կազմակերպություն։ Վարչապետը նշեց` այստեղ մենք հստակ խնդիր ունենք լուծելու՝ դա մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացումն է։ Փաշինյանը շեշտեց` կազմակերպությունը հենց դրա համար էլ ստեղծվել է։