Նիկոլ Փաշինյանի կինը մանրամասն պատմել է` որքան գումար է ծախսել Փարիզում և ում համար

Աննա Հակոբյանը ներկայացրել է փարիզյան շոփինգի մանրամասները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, սիրով պատմել է, թե ինչ գնել է Փարիզում։

«Երեկ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում իմ կատարած գնումների մասին: Լուրն արտատպել էին հայաստանյան գրեթե բոլոր կայքերը, իսկ շատերի մոտ այն օրվա ամենաընթերցված լուրն էր դարձել: Սա նշանակում է, որ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչ գնումներ եմ արել Փարիզում: Ու որպեսզի դա չմնա մարդկանց երեւակայության տիրույթում, սիրով ներկայացնում եմ, թե ինչ եմ գնել Փարիզում (լուսանկարում)»,- Facebook սոցիալական ցանցում գրել է նա:

Անան Հակոբյանը նշել է, որ Փարիզ մեկնելիս ունեցել է 300 եվրո, որից ծախսել է 100-ը։

«Բոլորը միասին գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի ու Արփիի համար. սպորտային կոշիկ՝ Մարիամին, Պայուսակ` Շուշանին եւ նկարում պատկերված մնացածը՝ Արփիին։ Շուշանի ու Արփիի նվերների ծախսը «իր վրա վերցրեց» Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, այնպես որ ես անձամբ Փարիզում գնել եմ մեկ զույգ սպորտային կոշիկ: Այսքանը»,- նշել է նա։

Հակոբյանն ավելացրել է, որ փարիզյան շոփինգի ընթացքում իրեն ուղեկցել են դեսպանը, դեսպանատան վարորդը եւ իր հետ մեկնած անվտանգության աշխատակիցները (անվտանգություն ապահովող անձանց խնդիրը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ):

Նա գրառումն ավարտել է «Սիրում եմ բոլորիդ» արտահայտությամբ։