«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հայ գիտակները կպայքարեն Մինսկի ուղեգիր նվաճելու համար

Հայաստանից մոտ հարյուր գիտակներ կմասնակցեն «Ժողովուրդների բարեկամություն» երիտասարդական գավաթի գալիք մրցումներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Մոտ հարյուր հայ գիտակներ կմասնակցեն սեպտեմբերի 7-11-ը աշխարհի 16 երկրում ընթացող «Ժողովուրդների բարեկամություն» երիտասարդական գավաթի մրցումներին՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղերի միջազգային մրցաշարին, ինչպես նաև թիմային և անհատական վիկտորինային: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը:

Մրցաշարն անցկացվում է երկրորդ անգամ: 2017թ-ի դեկտեմբերին «Ժողովուրդների բարեկամություն» առաջին երիտասարդական գավաթի խաղարկությանը մասնակցել են երիտասարդ գիտակների թիմեր 11 երկրից: Մրցումներն անցկացվել են «Դուբնա» տնտեսական գոտու կոնֆերենց-դահլիճում:

Հայ գիտակներն առաջին անգամ չեն մասնակցում մրցումներին: «Անցած տարի նրանք ելույթ են ունեցել Ռուսաստանում»,- նշեց Քոչարյանը: Նրա խոսքով՝ հաղթած թիմի հիմքում կձևավորվի Հայաստանի հավաքականը, որն արդեն դեկտեմբերին Մինսկում կմասնակցի մրցումների երկրորդ փուլին:

Ասոցիացիայի նախագահը նաև նշեց, որ ամեն տարի Դիլիջանում տեղի է ունենում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջազգային փառատոնը, որին մասնակցում են ուժեղագույն գիտակներ ամբողջ աշխարհից: Նա նաև նշեց, որ հայ գիտակները դրսևորվելու հնարավորություն ունեն խաղի հեռուստատեսային տարբերակի շնորհիվ: Քոչարյանի խոսքով՝ նրանցից մի քանիսին արդեն նկատել են Մոսկվայի էլիտար ակումբում, ևս երկուսը՝ Հայկ Գազազյանը և Կիմ Ղալաչյանը, արդեն խաղում են այնտեղ:

Специалист по информационной безопасности, политолог Тигран Кочарян

Քոչարյանը նշեց, որ ոչ միայն հայ երիտասարդությունն է հետաքրքրություն դրսևորում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի նկատմամբ, այլ նաև իշխանությունները: Նրա խոսքով` դրա վկայությունն է այն, որ խաղի հեռուստատեսային տարբերակին է մասնակցում նաև նախարարներ ու պատգամավորների թիմը:

«Խաղի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն կլիներ, եթե այն հայերեն տարբերակով անցկացվեր: Բայց այդ դեպքում գիտակները չէին կարողանա մասնակցել ռուսական ակումբին», — եզրափակեց նա:

Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն «Ժողովուրդների բարեկամություն» ինտելեկտուալ խաղերի միջազգային երիտասարդական գավաթի տեղեկատվական գործընկերն է: Երիտասարդական գավաթի ընտրական մրցումները տեղի կունենան սեպտեմբերի 7-11-ը աշխարհի 16 երկրում: «Ժողովուրդների բարեկամություն» երկրորդ երիտասարդական գավաթը տեղի կունենա դեկտեմբերի 15-16-ին Մինսկում: Մրցաշարն անցկացվում է նախագահական դրամաշնորհների հիմնադրամի աջակցությամբ: