Առաջին ձնծաղիկները. «Ժառանգական» մտավախություններն ուսումնասիրվում են

ԶԼՄ հրապարակումները Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում ընտրական խախտումների մասին ահազանգեր և որոշակի տեղեկատվություն ունենալու մասին նախօրեին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Տեղեկացնենք, որ նախօրեին «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ թեկնածուն ասել էր՝ «որոշ մտահոգություններ կան, թե հնարավոր է անմիջականորեն ձայն գնելիս գումարը տալու փոխարեն այլ մեխանիզմ կիրառվի. դա այսպես կոչված՝ աշխատողների, կամավորների հավաքագրումն է. դրա անվան տակ նորից ընտրակաշառքի բաժանում տեղի ունենա»:

Թեկնածուն շեշտել էր, որ այստեղ խնդիր ունեն իրավապահ մարմինները, եւ եթե նման քայլեր լինեն, այն էլ լայնածավալ, ապա պետք է բացահայտվեն: