ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Այսօր իմ օրը չէր. հնարավորություններ բաց թողեցի, բայց ֆուտբոլ է, ամեն ինչ պատահում է: Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը`այդուհանդերձ նշելով, որ այդ հաղթանակի շնորհիվ մեր հավաքականին ի վերջո հաջողվեց 3 միավոր վաստակել։
Խաղի ամենաբարդ հատվածը Մխիթարյանը համարում է չիրացրած 11 մետրանոցին հաջորդած պահը։
«Ճիշտ է՝ գոլ խփեցինք, սակայն բարդ էր, մինչև գոլ խփելն էլ պահ ունեինք: Ֆուտբոլ է. չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Կարևորը փորձեցի, բայց իմ օրը չէր, բախտը երես էր թեքել»,- ասաց նա:
Մխիթարյանի խոսքով` Հայաստանի հավաքականը Մակեդոնիա է մեկնելու բացառապես հաղթանակի համար։
«Եթե մի մարդ չի գնալու Մակեդոնիա հաղթանակի համար, ապա կարող է չգնալ: Եթե պիտի գաք մարզադաշտ, որպեսզի տեսնեք, թե ինչպես է պարտվում հավաքականը, ապա մի եկեք»,- ասել է նա:
Մխիթարյանն անդրադարձել է նաև հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի նորամուծություններին` ասելով, որ դրանք բացառապես դրական արդյունք են տվել։
«Նա պահպանել է իր փիլիսոփայությունը, ավելի շատ փորձ է ձեռք բերել, ավելի մանրակրկիտ է հասկանում ֆուտբոլը»,- ասել է Մխիթարյանը:
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրեց Ազգերի լիգայի խաղարկությունում: Խմբային փուլի առաջին խաղում մեր ընտրանին մրցեց Լիխտենշտեյնի հետ:
Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով, ինչի արդյունքում Հայաստանի հավաքականը վաստակեց 3 միավոր։ Հայաստանի թիմը սեպտեմբերի 9-ին ուժերը կչափի Մակեդոնիայի ազգային հավաքականի հետ: