ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկացի լրագրող, «Ռոզիի հաշվետվություն» «համեղ» նախագծի հեղինակ` Ռոզի Սաֆերշտեյնը Նյու Ջերսիում այցելել է «Krichian"s Grill & Bistro» հայկական ռեստորանը։ Այս մասին հայտնում է New Jersey Monthly պարբերականը։
«Հայկական երաժշտությունը և բնապատկերները, որոնք ներկայացված էին հաստատության պատերին, ինչպես նաև հաճախորդները, որոնք ըստ մեզ, հայերեն էին խոսում, այս ամենը ռեստորանին առանձնահատուկ շարմ էր հաղորդում», – գրում է Ռոզին։
Անկախ նրանից, որ փորձառու ֆուդ–բլոգերը ծանոթ էր ռեստորանի մենյուում ներկայացրած գրեթե բոլոր ուտեստներին, Քրիչյաններին հաջողվել է նրան զարմացնել հայկական որոշ ուտեստներով` բաստուրմայով և արայիսով։ Ամենից շատ լրագրողը հավանել է հայկական աղցանը, մուհամարան (նախուտեստ, որը տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում) և սիբաս` թահինի սուսով (քունջութի մածուկ) ուտեստը։
Գլխավոր խնդիրը, որի հետ բախվել է ամերիկուհին, լեզվային խոչընդոտն է եղել։ Մատուցողները դժվարությամբ են անգլերեն խոսել, հաղորդակցվել են ձեռքերով, երբ փորձել են կնոջը բացատրել, թե այս կամ այն ուտեստն ինչ բաղադրիչներից է պատրաստված։
Հայկական ավանդույթի համաձայն ընթրիքն ավարտվեց մեկ բաժակ թունդ սուրճ ըմպելով և փախլավա համտեսելով։