«Վիվարոյի» վրա հարձակված անձը ձերբակալվել է . Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

28 տարեկան երիտասարդը հանցագործության վայր է գնացել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա կեղծ համարանիշներ են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են «Վիվարո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի մանրամասները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Որքա՞ն գումար են տարել «Վիվարոյից». Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում

Հիշեցնենք, որ 2018 թ. սեպտեմբերի 4-ին զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գտնվող «Վիվարո Բեթ» բուքմեյքերական կետի վրա: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 01.35-ի սահմաններում դիմակավորված անձը, զինված ատրճանակով, գույք հափշտակելու նպատակով, հարձակում է գործել «Վիվարո Բեթ» բուքմեյքերական ընկերությանը պատկանող Երևան քաղաքի Ավան Սաֆարյան փողոցի 410̸3 հասցեում գտնվող գրասենյակի վրա, որից հետո ապօրինի կերպով մուտք է գործել գրասենյակի օպերատորի համար առանձնացված սենյակ և նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել սեղանի վրա դրված 200.000 ՀՀ դրամը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործերի քննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀ բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված ավազակային հարձակումը կատարել է 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացին: Պարզվել է նաև, որ հանցագործության կատարման ժամանակ, որպես տրանսպորտային միջոց օգտագործվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենա, որի վրա տեղադրված են եղել կեղծ համարանիշեր:

Միջնորդություն է ներկայացվել ավտոմեքենան խուզարկելու թույլտվություն ստանալու մասին: Ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ իր փամփշտատուփով:

06.09.2018 թ.՝ ժամը 10:01-ին ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիր բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացին՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կասկածյալը հրաժարվել է ցուցմունք տալուց:

Նախաքննությունը շարունակվում է: