ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները առանձնահատուկ տեղ և նշանակություն ունեն։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զինուժ» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում։
«Հույս ունենք այդ հարաբերությունների արդյուննավետությունն էականորեն մեծացնել։ Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական»,- ասել է նա։
Վարչապետը խոսել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին։
«ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ` արձանագրել պրոբլեմի գոյությունը և համբերատար, դաշնակցային մթնոլորտում և տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի առաջ, և ինչ պարտավորություններ ունի Հայաստանը ՀԱՊԿ-ի և նրա անդամ երկրների առաջ»,- նշել է վարչապետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զինուժ հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում խոսել է նաև ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, հայ-ռուսական համագործակցությանն ու ՀԱՊԿ գործունեությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։