Նախկին փոխոստիկանապետը հրավիրվել է ՀՔԾ. «Հրապարակ»

Թերթի տեղեկություններով` Լյովա Երանոսյանը հարցաքննվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Տեղեկությունը ՀՔԾ-ից չեն մեկնաբանել, բայց թերթը հիշեցնում է, որ Երանոսյանի անվան հետ կապված մի քանի պատմություններ կան, որոնք կարող էին ՀՔԾ հրավիրվելու հիմք դառնալ։

«2017 թվականի մարտի 21-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում էր տեղի ունեցել փոխոստիկանապետի եղբոր և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջև: Հրապարակված տեսանյութերում երևում էր, որ միջադեպին մասնակցել է նաև Երանոսյանը»,- գրում է «Հրապարակը»:

Բացի այդ, աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել նաև հեղափոխության օրերին, երբ Երանոսյանը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին սպառնում է և հայհոյում: Վերջինն էլ ջրի շշով հարվածել էր նրան:

Լյովա Երանոսյանն աշխատանքից ազատվել է հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: