Դժգոհ են միայն գյուղացիները. Արմեն Սարգսյանը խոսել է հայ գործարարների հետ. լուսանկարներ

«Արմենիա էքսպո 2018»–ին մասնակցող գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներն իրենց որոշ մտահոգությունների մասին պատմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ինձ հետաքրքրում են այն ընկերությունները, որոնք ունեն արտադրություն և կարողանում են իրենց արտադրությունն արտահանել։ Այսօր «Արմենիա էքսպո 2018»-ի բացմանը, տաղավարներում շրջելուց ու ներկայացված արտադրանքին ծանոթանալուց հետո լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Մենք տեսանք ընկերություններ, որոնք իրենց արտադրանքն արտահանում են ԵԱՏՄ տարածք։ Հարցերից մեկն այն էր` արդյո՞ք բավարարված եք, մաքսային տուրքերից գոհ եք, խնդիրներ ունե՞ք, թե՞ ոչ։ Դա շատ կարևոր է, որովհետև Հայաստանը հենց այդ ուղղվածությունը պիտի ունենա, դառնա 21-րդ դարի ժամանակակից ինդուստրիալ երկիր, որն իր արտադրանքը կարողանում է արտահանել նախևառաջ իր հարևան երկրներ ու ԵԱՏՄ տարածք»,- ասաց նախագահը։

1 / 5
Արմեն Սարգսյանը «Արմենիա էքսպո 2018» միջազգային ցուցահանդեսում
2 / 5
Արմեն Սարգսյանը «Արմենիա էքսպո 2018» միջազգային ցուցահանդեսում
3 / 5
Արմեն Սարգսյանը «Արմենիա էքսպո 2018» միջազգային ցուցահանդեսում
4 / 5
Արմեն Սարգսյանը «Արմենիա էքսպո 2018» միջազգային ցուցահանդեսում
5 / 5
Արմեն Սարգսյանը «Արմենիա էքսպո 2018» միջազգային ցուցահանդեսում

Sputnik Արմենիայի հարցին, թե տնտեսվարողներն ինչ խնդիրներ նշեցին նախագահի հետ զրույցում, Արմեն Սարգսյանն ասաց. «Մինչև հիմա ոչ ոք ոչնչից չի դժգոհել»։

Որոշ մտահոգություններ, սակայն, նախագահի հետ զրույցում բարձրացրել են գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավվածները։

«Նրանց հիմանական խնդիրներից առաջինը փոքր չափի ու փոքր տոկոսադրույքով վարկավորումն է։ Երկրորդը` իրենց արտադրանքն արտահանելու հնարավորությունը, որովհետև անհատ գյուղացին իր ապրանքը դաշտից մեծ շուկա հասցնելու հնարավորություն չունի։ Եվ երրորդը` տարիքով մարդիկ բողոքում էին, որ գյուղերը սերնդափոխության խնդիր ունեն»,-ասաց Սարգսյանը` հավելելով, որ երիտասարդները չեն ցանկանում մնալ ու իրենց կյանքը շարունակել գյուղում։

Գյուղերում են մնում ավագ և կրտսեր սերնդի ներկայացուցիչները։

«Միջին սերունդը հիմնականում արտագնա աշխատանքի է մեկնում` լավագույն դեպքում` պարբերաբար հյուր գալով հայրենի գյուղ»,- ասաց նախագահը։

Այսօր Երևանում բացված «Արմենիա էքսպո 2018» միջազգային ցուցահանդեսը աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 10-ը։