Եկատերինբուրգում կրակել են հայաստանցի գործարարների ավտոմեքենայի վրա

Գործարարները մեծ գումար են տեղափոխել ավտոմեքենայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մեքենայի վրա, որում հայաստանցի գործարարներ են եղել: Այս մասին հայտնում է «Վեչերնիե վեդոմոստին»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, մոտավորապես 17։20-ի սահմանում։

Նշվում է, որ գործարարները զբաղվում են դրամական միջոցների կանխիկացմամբ, և նրանք բավականին մեծ գումար էին տեղափոխում ավտոմեքենայով: Հրաձգության հետևանքով (ավելի ուշ պարզվել է, որ կրակել են Կալաշնիկովից) տուժածներ չկան, փամփուշտները դիպել են մեքենայի անիվներին:

Անհայտ պատճառներով կրակողները չեն կարողացել գործն ավարտին հասցնել և չեն գողացել փողերը:

Դեպքի վայր է ժամանել № 11 ոստիկանության բաժնի և Եկատերինբուրգի ՆԳՆ վարչության ղեկավարությունը, ինչպես նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչները:

Հանցագործները կարողացել են թաքնվել։ Քրեական գործ է հարուցվել։