Հայաստանում համաներման հարցը հանրությունից գաղտնի է պահվում

Համաներում կլինի թե ոչ, հետաքրքրում է թե հանրությանը, թե պատգամավորներին ու կառավարությանը։ Հարցի պատասխանը, սակայն մինչև վերջին պահը չի հրապարակայնացվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Համաներման հարցը մինչև վերջին պահը գաղտնի է պահվելու հանրությունից։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին։

«Կառավարությունն իր օրակարգում ունի՞ համաներման հարցով ԱԺ-ին դիմելու առաջարկ»,- հարցրեց պատգամավորը` հիշեցնելով, որ ՀՀ-ում վերջին անգամ համաներում է անցկացվել 2013թ-ին, և այսօր դարձյալ հրատապ է դրա անհրաժեշտությունը։ Նրա խոսքով` ՔԿՀ-ներում կա գերբեռնվածության խնդիր, դատապարտյալների մեջ էլ շատ են այնպիսիք, որոնց պատիժները կորցրել են իրենց հրատապությունը՝ ժամանակի և իրավիճակի փոփոխության արդյունքում։

«Բնականաբար, համաներման արդյունքում ՔԿՀ-ների բեռնաթափում կլինի, և հետևաբար դրա շահագրգիռ կողմերից մեկը արդարադատության նախարարությունն է, որովհետև ՔԿՀ ոլորտը գտնվում է արդարադատության նախարարության իրավասության ներքո»,- ասաց փոխնախարարը։

Բայց քանի որ համաներման հարցը գտնվում է գաղտնիության տիրույթում, ապա դրա լինել-չլինելու մասին պատգամավորի հարցը մնաց անպատասխան։